Ենթադրում եմ, որ ինչ-որ աշխատանքներ կարող էին տատանումներ առաջացնել․ Գայանե Մկրտչյան

Sputnik
Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 172 հիմնական դպրոցը, որը հանրությանը հայտնի է որպես փոսի անգլիական դպրոց, անցել է հեռավար ուսուցման։
Երեխաներին տուն են ուղարկել այն բանից հետո, երբ Փրկարար ծառայության մասնագետները դպրոցում գտնվելը երեխաների համար վտանգավոր է համարել։
Երևանի քաղաքապետարանից հաստատել են Sputnik Արմենիայի այս տեղեկությունները՝ նշելով, որ օրեր առաջ դպրոցում ուժեղ ձայներ է լսվել, ցնցում է զգացվել։ Տնօրենը դիմել է Փրկարար ծառայությանը։ Մասնագետները տեղում ուսումնասիրություն են կատարել, ինչի արդյունքում որոշվել է անցնել հեռավար ուսուցման՝ ինչև վերջնական եզրակացություն կայացնելը։
Ցնցումների պատճառը քաղաքապետարանը չի պարզաբանում։
*Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դպրոցի շենքը ցնցվել է Օրբելի փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի նախին շենքի պայթեցման աշխատանքների հետևանքով։
Դպրոցի տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել։ Պայթյունի վարկածը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել՝ ասելով․ «Ենթադրում եմ, որ ինչ-որ աշխատանքներ կարող էին տատանումներ առաջացնել»։