Շինթույլտվություններ կան, որ չեն կարողանում հիմնավորել, դրա համար հատակագիծ են ընդունում. Մնացականյան

Sputnik
Մինչ Երևանի գլխավոր հատակագծի ընդունումը, քաղաքապետարանը պարտավոր էր հանրայի լսումներ անել և ոչ թե լսումների իմիտացիա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
«Ինձ մոտ տպավորություն է, որ ուղղակի քաղաքաշինական բլոկում հարյուրավոր շինթույլտվություններ կան, որ չեն կարողանում հիմնավորել և վախենում են։ Դրա համար ինչ–որ փաստաթուղթ են ընդունել, որ տանեն առաջ»,– նշում է Մնացականյանը։
Նրա դիտարկմամբ` գլխավոր հատակագիծը վաղուց իրեն սպառված փաստաթուղթ է, հատկապես`բազմաթիվ խնդիրներով քաղաքի համար։ Աշխարհի շատ քաղաքներում այսօր առաջնորդվում են ոչ թե հատակագծերով, այլ զարգացման ռազմավարական մաստեր պլանով։
Երևանի ավագանին երեկ «32» կողմ, 13 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայնով հաստատեց Երևանի նոր գլխավոր հատակագիծը։
Նախորդ հատակագծի գործողության ժամկետն ավարտվել է 4 տարի առաջ` 2020թ–ին։ Ավագանին թեև երկարացրել էր դրա գործողության ժամկետը` մինչև նորի ընդունումը, բայց, ըստ էության, վերջին 4 տարում մայրաքաղաքը կառավարվել ու կառուցապատվել է առանց հիմնավոր փաստաթղթի։ Հատկապես, որ «Քաղաքաշինության մասին» օրենքով` այն բնակավայրերը, որոնք մինչև 2024-ի հուլիսի 1-ը չունեն գլխավոր հատակագիծ, պետք է դադարեցնեին իրենց տարածքում քաղաքաշինական բորլոր գործընթացները։