Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանանկարգի վավերացման հարցում գործադիր իշխանության ու Սահմանադրական դատարանի շտապողականությունը Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը պատահական չի համարում։
«Սույն փաստաթուղթը գործող իշխանություններն ամեն կերպ փորձում են հիմա անցկացնել բոլոր ընթացակարգերով, որպեսզի ամրագրեն Արցախից իրենց հրաժարվելը։ Ուրիշ որևէ հետևանք այս փաստաթուղթն ու դրա վավերացումը չեն տալիս, որովհետև մնացած բոլոր հարցերը բաց են, գործընթացները շարունակվելու են այնպես, ինչպես հիմա` Ադրբեջանը շարունակում է ստանալ այն, ինչ ցանկանում է, ՀՀ–ը ինչ–որ գործընթացների արդյունքում անընդհատ զիջում է իր տարածքները։ Այս փաստաթղթի միակ իրավական հետևանքը լինելու է Արցախից հրաժարումը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Օրբելյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանանկարգի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը Սահմանադրական դատարանը կքննի սեպտեմբերի 24-ին։ Դատարանի դրական եզրակացությունից հետո այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը, որից հետո հանրապետության նախագահի ստորագրմանը։ Դրանով կավարտվի փաստաթղթի ներպետական վավերացման գործընթացը Հայաստանում։ Իսկ ուժի մեջ կմտնի այն նաև Ադրբեջանում միջպետական ընթացակարգերի ավարտից հետո` ստանալով միջպետական փաստաթղթի կարգավիճակ։