Ուկրաինայի վերաբերյալ համաժողովներն իմաստ չունեն առանց ՌԴ–ի. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Քսավյե Բետել
Բետելի խոսքով` հարևաններին փոխելն անհնար է, բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստեն բոլոր կողմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված համաժողովներ անցկացնելու իմաստ չկա, եթե Ռուսաստանը չի մասնակցում դրանց։ Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը։
«Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտություն կունենանք։ Մենք չենք կարող փոխել մեր հարևաններին։ Ռուսաստանը գոյություն է ունենալու որպես երկիր, և առանց նրա մասնակցության խաղաղության համաժողովներ անցկացնելու իմաստ չկա։ Եթե խաղաղության համաժողով եք ուզում, այն պետք է լինի Ռուսաստանի մասնակցությամբ, որտեղ բոլորը բանակցությունների սեղանի շուրջ կնստեն», – ասաց Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը։
ՌԴ զինված ուժերը 4 բնակավայր են վերահսկողության տակ վերցրել ԴԺՀ–ում
Հիշեցնենք` Ուկրաինայի վերաբերյալ համաժողով անցկացվեց հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ հանգստավայրում։ Կրեմլը հայտարարեց, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտության հարցում իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելն անտրամաբանական է և անհեռանկարային։ Համաժողովից հետո ներկայացված պաշտոնական համատեղ փաստաթուղթը կոչ է անում Կիևի վերահսկողությանը վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ–ը, ինչպես նաև հորդորներ է պարունակում Սև և Ազովի ծովերով ազատ տեղաշարժի ու ռազմագերիների փոխանակման և ազատման վերաբերյալ։ Փաստաթղթում խոսվում է նաև կողմերի միջև երկխոսության անհրաժեշտության մասին` հակամարտությանը վերջ դնելու նպատակով։ Շվեյցարիայում հրավիրված գագաթնաժողովին Հայաստանը Բրազիլիայի, Մեքսիկայի, ՀԱՀ–ի, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի և Թաիլանդի հետ մեկտեղ չստորագրեց այդ համատեղ փաստաթուղթը։
Ուկրաինան չի ցանկանում երկարացնել Ռուսաստանի հետ զինված հակամարտությունը. Զելենսկի