ՀՀ–ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Տևական խաղաղություն Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է։ Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է։ Մասնավորապես, Խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդվածներ և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ մասնակի համաձայնեցված են։ ՀՀ-ն, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ անկյունաքարային դրույթները, առաջարկել է առանձնացնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնավոր փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները։
«Այս պահին համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հունիսին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը ստացել է Ադրբեջանից, իսկ Երևանը պատրաստել է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխան փաթեթ։ Միաժամանակ, Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղ պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։
Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել համաձայնեցված հոդածները