Հայաստանում գրանցված տնտեսական աճը իրական տնտեսական պոտենցիալից բարձր է. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյան
ԿԲ խորհուրդը քննարկել է ՀՀ տնտեսական աճի վրա ոսկու արտահանման ու վերարտահանման էական ազդեցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. 2024 թվականի երրորդ եռամսյակի ավարտին ՀՀ–ում գրանցված 6.4 տոկոս տնտեսական աճը հայաստանյան տնտեսական պոտենցիալից բարձր է։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` մեկնաբանելով ՀՀ տնտեսության վրա արտաքին գործոնների ազդեցությունը։

«Տնտեսական աճը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցություն` պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության ու երկարաժամկետ հեռանկարի հետ»,– ասաց նա` հավելելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշումը կայացնելիս ԿԲ խորհուրդը քննարկել է նաև տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեցող ոսկու արտահանման ու վերարտահանման գործոնը։

ԿԲ նախագահը հայտարարեց, որ, դիտարկելով այս հանգամանքը, ԿԲ խորհուրդը, այնուամենայնիվ գտնում է, որ այդ որոշումը բալանսավորված է ու խոհեմ։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով ՀՀ–ից արտահանման շուրջ 70 տոկոսն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմում են ոսկին և թանկարժեք քարերը։ Հաշվի առնելով այս ոլորտում ՀՀ արտադրական պոտենցիալը` մասնագետները վստահաբար հայտարարում են, որ արտահանված ծավալը հիմնականում վերարտահանումներն են, մասնավորապես` ՌԴ–ից դեպի ԱՄԷ։
Նշենք, որ ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %։