ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. 7.5 տոկոսանոց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է գնաճի 4 տոկոսի և գների կայունության պահպանման համար։ Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրուքը 0.25 տոկոսով նվազեցնելու` ԿԲ խորհրդի որոշումը։
«2024 թ–ի 3-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել 4.5 տոկոս մակարդակում` օգոստոսին կազմելով 1.3 տոկոս։ 12- ամսյա գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում` հուլիսին կազմելով 0.3 տոկոս»,– ասաց ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը նաև նշեց, որ ս.թ. երրորդ եռամսյակում ինչպես ՀՀ–ում, այնպես էլ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են։ Համաշխարհային գնաճը ևս, նրա խոսքով, դանդաղում է, սակայն միջազգային ապրանքահումքային շուկաներում անորոշությունները կարող են հանգեցնել անցանկալի զարգացումների։
«Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները և միջազգային առևտրային հարաբերություներում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են ավելացրել առաջարկի արժեշղթաների խաթարման և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների տատանողականության ավելացման տեսանկյունից»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԿԲ–ի խորհրդի այսօր ընդունած որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.50 %։