Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը

Մայր տաճարի վերաօծման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին` ՀԱՍԵ բոլոր օրենքներին համապատասխան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու աղբյուրները։
Մյուռոնօրհնեքը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, իսկ տաճարի վերաօծման արարողությունը` սեպտեմբերի 29-ին։
Վեճ հին վանքի շուրջ․ ինչու է դատախազությունն ուզում ՀԱԵ-ից վերցնել Եղիպատրուշի եկեղեցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նախագահ Վահագն Խաչատուրյանից դեռ պաշտոնական տեղեկություն չկա` արդյոք նրանք կմասնակցեն արարողությանը, թե ոչ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին հրապարակավ հայտարարեց, որ հրավեր ստացել է, սակայն չի կարող մասնակցել, քանի որ պաշտոնական այցով լինելու է Կանադայում:
Օգոստոսի վերջին վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ մինչ օրս Մայր աթոռից հրավեր չի ստացել` մասնակցելու Մայր տաճարի վերաօծման և մյուռոնօրհնեքի արարողություններին։
Նշենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջև առկա տարաձայնությունների մասին սկսել են խոսել 2018 թվականին նրա իշխանության գալուց անմիջապես հետո։ Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ հենց իշխանություններն են հրահրել Գարեգին Բ կաթողիկոսի դեմ տարվող շարժումը։ Եկեղեցու և ՀՀ իշխանությունների միջև եղած խնդիրներն ավելի սրվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ հոգևորականները պահանջեցին վարչապետի և նրա թիմի հրաժարականը։
Իրավիճակն էլ ավելի լարվեց 2024 թվականի ապրիլի 19-ից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց Ադրբեջանի հետ Տավուշի մարզից սահմանների դելիմիտացիա սկսելու համաձայնագրի մասին։ Ի պատասխան` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն գլխավորեց բողոքի շարժումը և երթով շարժվեց դեպի Երևան:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը փաստացի ղեկավարում է քաղաքական շարժում։ Նա նաև ընդգծել էր, որ շարժման նպատակն էլ նախորդ իշխանություններին ՀՀ–ում իշխանության բերելն է և վստահեցրել` այդ ամենի սցենարը գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։