Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը զրկվեց մանդատից

Երիցյանը ընդգծեց, որ Երևանի ավագանու այս որոշումը բողոքարկելու է դատարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հաջողվեց վաղաժամկետ դադարեցնել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները։
Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերի մշտական հանժնաժողովի նախագահ Մարատ Թոխյանն իր ելույթում նշեց, որ Երիցյանը չի մասնակցել հանձնաժողովի 7 նիստերից 6–ին, ընդ որում 5 նիստ գումարվել է Երևանի ավագանու 5–րդ գումարման 2–րդ նստաշրջանում։ Երիցյանը այդ 5 նիստերից 4–ին չի մասնակցել։ Թոխյանն ընդգծեց, որ անձամբ մի քանի անգամ դիմել է Երիցյանին, որպեսզի գա նիստերին, սակայն նա արձագանքել է, որ բոյկոտում է նիստերը։
Ընդդիմության ներկայացուցիչները նշեցին, որ Երիցյանի, «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունների դադարեցումը պետք է հանվի նիստի օրակարգից, սակայն իշխող կուսակցությունը դեմ քվեարկեց։
Բացի այդ, ըստ ընդդիմադիրների, Երիցյանի մասով կազմված իրավական ակտը թերի է և տարակարծության տեղ է թողնում, քանի որ փաստաթղթի շարադրանքից ստացվում է, որ Երիցյանը չի մասնակցել ոչ միայն իրավական հանձնաժողովի նիստերին, այլ նաև Երևանի ավագանու 5 նիստերից 4–ին։
Երիցյանը ևս իր ելույթում անդրադարձավ իրավական ակտի շարադրանքին, ընդգծելով, որ բոլոր ապացույցներն ունւի, որ մասնակցել է Երևանի ավագանու նիստերին։
«Սա ներկայացում է, որի գլխավոր ռեժիսորը Տիգրան Ավինյանն է»,–ասաց Երիցյանը։ Նա շեշտեց, որ դա իր հանդեպ քաղաքական հետապնդում է, նույն ինքը` քաղաքական վրեժխնդրություն։
Երիցյանը ընդգծեց, որ Երևանի ավագանու այս որոշումը բողոքարկելու է դատարանում։
Որոշումն ընդունվեց 33 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ։
Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլին ավագանու մանդատից զրկվեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը: