Հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիները պետք է բարեկամական հարաբերություններ պահպանեն․Աջապահյան

Sputnik
«Հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիները պետք է բարեկամական հարաբերություններ պահպանեն, որպեսզի երկրների միջև դրական հարաբերություններ ամրապնդվեն։ Դա պետք է արվի այդ թվում Ուկրաինայում հակամարտության արագ կարգավորման համար»․-«Իզվեստիայի» հետ զրույցում շեշտել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։
Ըստ Սրբազան Հոր՝ հայկական և ռուսական եկեղեցիները պետք է առաջնագծում լինեն՝ երկու եկեղեցիների, երկու ժողովրդի և երկու երկրների միջև եղբայրական ու բարեկամական հարաբերությունները պահպանելու համար։
Միքայել Արքեպիսկոպոսը նշել է, որ իրեն շատ են մտահոգել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունները։ Աջապահյանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի, թյուրըմբռնումները կվերափոխվեն այլ ուղղությամբ և խթան կհանդիսանան Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների զարգացման համար։
«Տարաձայնություններ միշտ լինում են, ու հենց եկեղեցում էլ են դրանք լինում, բայց այդ ամենը խաղաղ ու աննկատ հանգուցալուծվում է։ Եկեղեցին տալիս է այդ օրինակը, թե ինչպես է պետք լուծել խնդիրները»,-ընդգծել է Շիրակի թեմի առաջնորդը։