Ընտրություններին թղթայինից կհրաժարվենք. Ղազարյանը` ընտրացուցակների հրապարակման մասին

ՄՔԾ պետը նշում է, որ ընտրական օրենսգրում փոփոխությունները պետբյուջեի համար էական ծախսեր են նախատեսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն (ՄՔԾ) առաջարկում է ընտրությունների ժամանակ հրաժարվել թղթային տարբերակներից։ Ներկայացնելով «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը` այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը։
«Օրենքի նախագիծն առնչվում է ընտրական ցուցակների հրապարակմանը. առաջարկվում է ընտրություններից 40 օր առաջ, իսկ արտահերթ ընտրություններից 20 օր առաջ նախնական ցուցակներն էլեկտրոնային փնտրման հնարավորությամբ տեղադրել ԿԸՀ–ի և ՆԳՆ–ի պաշտոնական կայքէջերում։ Առաջարկվում է հրաժարվել թղթային տեղեկացումների նախկին համակարգից։ Սա պետբյուջեի համար էական ծախսեր է նախատեսել»,– նշեց Ղազարյանը։
Նախատեսվում է նաև ԿԸՀ և ՆԳՆ կայքէջերում վերջնական ցուցակները տեղադրել ընտրություններից 7 օր առաջ։
«Ամեն ինչ արվում է, որ ունենանք իդեալականին մոտ ընտրացուցակներ». Մնացական Բիչախչյան
ՄՔԾ պետը շեշտեց` սահմանվում է նաև տեղեկատվության այն ցանկը, որը պետք է լինի ընտրացուցակներում` անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, հաշվառման հասցե, ընտրատեղամասի համար։