Ընթացիկ տարում ՃՏՊ–ների հետևանքով 205 մարդ է մահացել. ընդդիմադիր պատգամավորը մտահոգված է

Ընդհանուր առմամբ,2024 թվականի 8 ամսվա ընթացքում 2714 ավտովթար է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության հետ մեկտեղ պետք է միջոցներ ձեռնարկի ճանապարհներին տեղի ունեցող ավտովթարների աճը կանխելու համար։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյան։
«Գրավոր հարցում եմ արել ու այս պատասխանը ստացել. 2024 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը տեղի է ունեցել մահվան և մարմնական վնասվածքների ելքով 2714 պատահար, որի հետևանքով 205 մարդ մահացել է, 3929-ը՝ վիրավորվել։ Սա սարսափելի թիվ է։ Այս իրավիճակը Հայաստանում է, երբ մենք գիտենք մեր երկրի բնակչության թիվը։ Թիվը ասելու ենք և անցնելու ենք գնա՞նք, թե՞ կտրուկ միջոցներ ենք ձեռնարկելու»,- ասաց Նազարյանը։
Պատգամավորը շեշտեց` մի շարք կարգավորումներ են անհրաժեշտ ոլորտում իրավիճակը բարելավվելու համար։ Նա նշեց` պետք է արմատական միջոցներ ձեռնարկվեն ճանապարհներին տիրող ցեղասպանությունը դադարեցնելու և կատարվող ողբերգությունները կանխելու համար։