ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված խաղաղության պայմանագրում առկա կետերում հայ հասարակության համար տհաճ անակնկալներ չեն լինի։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ ճեպազրույցում։
«Ես չեմ ուզում առաջ անցնել և առանձին դետալներ բացահայտել, թեև շատ մեծ գաղտնիք էլ չի իրականում, բայց նաև բանակցային էթիկետը չեմ ուզում խախտել։ Մենք մեր հասարակությունից իսկապես գաղտնիք չունենք և տհաճ անակնկալներ էլ չունենք»,–ասաց նա։
Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնել է խաղաղության պայմանագրի 10–րդ խմբագրությունը, և գաղտնիք չէ, որ այդ խմբագրությունը մեծ հաշվով դառնում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։
«Դրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։ Ըստ էության սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չկա»,–ասաց նա։
Նրա խոսքով` այլ բան է, որ ադրբեջանական կողմը երբեմն այլ նախապայմաններ կամ խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Հայաստանի մոտեցումն այն է, որ օր առաջ Ադրբեջանի հետ ստորագրվի համաձայնեցված տեքստը։
«Իհարկե մի տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չի լինի կարգավորել ։ Մնացածը կմնա հետագա բանակցություններին` երկուստեք հետաքրքրության դեպքում»,–ասաց նա։
Անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված պայմանագրին, Միրզոյանը նշեց, որ դրա հիմքը Ալմա–Աթայի հռչակագիրն է և եթե այլ սկզբունք կամրագրվի խաղաղության պայմանագրում, ապա դա համապատասխանաբար կփոխվի։
«Փաստ է, որ այլ սկզբունք չկա»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածներից 13-ը։ 3 հոդվածները համաձայնեցվել են մասնակի։