ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սլովակիան 155 մմ տրամաչափի L-45 DITA ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակն ուղարկել է Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ադրբեջանը ստացել է TATRA T815 8x8 քարշակի վրա տեղադրված հաուբիցների վերջին արդիականացված տարբերակը:
Հաուբիցները զինված են կրակի կառավարման լիովին ավտոմատ համակարգով. նրանց անձնակազմը բաղկացած է միայն վարորդից և հրամանատարից։ Այս մոդելի կրակային հզորությունն ու տարաշարժունությունն ավելի բարձր են, քան նախորդներինը։
Սլովակական պարբերականներն ավելի վաղ հայտնել էին, որ Բաքուն DITA L-45-ի 70 միավոր է պատվիրել։ Տվյալ հաուբիցները, որոնք մշակվել են DANA ինքնագնաց հրետանային կայանքի հիմքի վրա, դեռևս խորհրդային տարիներին արտադրվում էին Չեխոսլովակիայում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Սլովակիան սկսեց աշխատել DANA-ի արդիականացված մոդելի վրա, ինչի արդյունքում ի հայտ եկան ՆԱՏՕ-ի տրամաչափի L-45 DITA-ները։ Ի դեպ, Ադրբեջանը նախկինում ևս գնել է նաև մի քանի տասնյակ DANA ինքնագնաց հաուբիցներ։