Կեղծ խաղաղությունը հանգեցնում է իրական պատերազմի․ ինչ է սպասում «իրական» Հայաստանին

Ցանկացած թուղթ, որի վերնագրում գրված կլինի «խաղաղության պայմանագիր» (նույնիսկ եթե դա լինի սպիտակ թուղթ՝ առանց տեքստի), թավշյա իշխանության համար կդառնա «փրկօղակ», քանի որ թույլ կտա «արդարացնել» բոլոր աղետներն ու կորուստները, նշում Է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Sputnik
Դե, ինչպես և սպասվում էր, այսպես կոչված հայ-ադրբեջանական բանակցային քեյսում ուրվագծվում է հերթական խարդախությունը, որի մասին բազմիցս նախազգուշացրել են քաղաքական վերլուծաբաններն ու քաղաքագետները:
Բայց՝ հերթով։
Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը ոչ մի նոր բան չբացահայտեց՝ ընդամենը հաստատելով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը գտնվում է փակուղային իրավիճակում, քանի որ առասպելական «խաղաղության» դիմաց երկրի անվտանգությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կտոր-կտոր հանձնելով թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Երևանը ոչինչ չստացավ, և դա արդեն իսկ ամենավատ իմաստով ուղղակիորեն ազդում է Հայաստանում փաշինյանական իշխանության վարկանիշային դիրքերի վրա։
Ըստ էության ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին թուրք-ադրբեջանական տանդեմից անհրաժեշտ է ցանկացած թուղթ (շեշտում եմ՝ ՑԱՆԿԱՑԱԾ թուղթ), որով վարչապետը կարող է «կերակրել» Հայաստանի բնակչությանը՝ որպես «խաղաղության» համատեքստում Բաքվին և Անկարային արվող խելահեղ զիջումների «դրական» արդյունք։

Իր հերթին Ադրբեջանը, որպես կողմ, որը շահագրգռված է Հայաստանում ներկայիս քաղաքական դասավորության պահպանմամբ, Հայաստանի «թավշյա» իշխանություններին առաջարկում է ստորագրել մի թուղթ, որտեղ նշվելու են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները, սակայն բուն ենթադրվող փաստաթուղթն իրավական պարտավորություն պարունակող փաստաթուղթ չի լինելու, այլ․.. մտադրությունների մասին, ինչ-որ՝ ոչինչ չպարտավորեցնող արձանագրություն։

Ի պատասխան՝ հայկական կողմն իր ադրբեջանցի գործընկերներին ներկայացրել է հակափաստարկ։
Իսկ հիմա՝ ուշադրություն: Հայաստանի ղեկավարը, որը զբաղեցնում է պետության բարձրագույն կառավարչական պաշտոնը, Ադրբեջանին առաջարկում է ստորագրել այսպես կոչված «խաղաղության պայմանագիր»՝ կրճատված տարբերակով։ Հայաստանի վարչապետը դա առաջարկում է մի երկրի, որն ամենօրյա ռեժիմով վարում է թշնամական ռազմական շանտաժի քաղաքականություն և բացահայտորեն պահանջում է հայկական պետության իրավական կազմաքանդումը՝ Սահմանադրության փոփոխությունը։
Ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի» նախագծում կա 17 դրույթ, որոնցից համաձայնեցված է 13-ը։ Իր հերթին Իլհամ Ալիևը պնդում է, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» պատրաստ է 80 %-ով:
Այսպիսով` հայկական կողմն առաջարկում է «խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ համաձայնեցված շրջանակներում, այսինքն՝ 13 դրույթ, իսկ մնացածն իբր «կսպասի»։
Ամենահետաքրքիրը` ցանկացած իրավական, միջազգային պայմանագիր չի կարող կիսով չափ «ձևակերպվել» կամ լինել իրավական պարտավորությունների ինչ-որ «սևագիր»․ դա նոնսենս է, որի մասին Փաշինյանը չի կարող չիմանալ։
Այսինքն` փաստաթղթի երկու տարբերակները՝ և՛ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նախորդող թուղթ ստորագրելու Ադրբեջանի առաջարկը, և՛ «խաղաղության պայմանագիրը» կրճատված տեսքով ստորագրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը փաստորեն կեղծ և ոչինչ չպարտադրող «թղթեր» են՝ փաստաթղթերի էության իմաստային բեռը ցանկացած պահի համահարթեցնելու բազմաթիվ հնարավորություններով։
Հայաստանը մահացու եռանկյունում. «հեծանիվ–էժանագին ամբոխավարություն–պառակտված հայություն»
Այլ կերպ ասած` խաղաղության գործընթացի ակտիվ նմանակման հայկական և ադրբեջանական իշխանությունների խաղն ակնհայտ է։
Ինչո՞ւ։
Այսօրինակ կեղծիքն ադրբեջանական կողմին թույլ կտա չեզոքացնել միջազգային հանրության քննադատությունը և թուլացնել Ալիևների կլանի նկատմամբ աշխարհի հեղինակավոր իրավապաշտպան շրջանակների շրջանում առկա որոշակի լարվածությունը։
Հայաստանի, ավելի ճիշտ ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար ցանկացած թուղթ, որի վերնագրում գրված կլինի «խաղաղության պայմանագիր» (նույնիսկ եթե դա լինի մաքուր թուղթ՝ առանց տեքստի), կդառնա «փրկօղակ», քանի որ թույլ կտա «թավշյա իշխանությանը» մի կողմից «արդարացնել» այն բոլոր աղետներն ու կորուստները, որոնք ներկայիս իշխանությունը հարուցել է երկրի նկատմամբ, մյուս կողմից ՝ Փաշինյանը հաստատ կշրջի Հայաստանով մեկ ու հպարտ քաղաքացիների երեսներին կթափահարի այդ թուղթը՝ մոտավորապես արտասանելով հետևյալ տեքստը. «Ես ձեզ խաղաղություն խոստացա, ահա՛, բերեցի։ Քվեարկե՛ք ինձ համար, և դուք երջանիկ կլինեք»:
Այս ամբողջ պատմության մեջ միանշանակ է միայն մի բան՝ «խաղաղության գործընթացի» նմանակման` վերը նկարագրված տրամաբանությամբ իրավիճակի զարգացման դեպքում գալիք էսկալացիան անխուսափելի է, քանի որ եթե կեղծ խաղաղություն ես գեներացնում, ապա արդյունքում ստանում ես իսկական պատերազմ։
Ընդ որում` դա վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։