ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը շուտով կներկայացնի քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ` Արցախի ժողովրդի սոցիալ–տնտեսական իրավունքների իրացմանն ուղղված կոնկրետ գործողություններ իրականացնելու, ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու հնարավորությամբ։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը» պետք է լուծարել, քանի որ Լեռնային Ղարաբաղի` Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի։
Մինասյանն ընդգծեց, որ այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արցախի սուբյեկտայնությունն է ոչնչացնում։
«Այս ուժը փաստացի որոշել է, որ իրենք պետք է որոշեն, թե Արցախի ժողովուրդը ինչպես պետք է ապրի...Ձեզնից բացի մեկ էլ Ալիևն ու էրդողանն են մերժում Արցախի Հանրապետությունն ու ժողովրդի իրավունքը։ Ի՞նչն է խոչընդոտում ձեզ, եթե դա մեծ պայմանավորվածության հետևանք չէ»,–ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023թ–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։