ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցություններն ընդգրկված են բոլոր ֆորմատներում։ Այս հարցը խաղաղության պայմանագրում ներառված չէ»,– նշեց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ գերիների հարցը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որով Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են լուծել գերիների և պատանդների վերադարձի խնդիրը։ ՀՀ ԱԺ նախագահի համար այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե արդյոք Ռուսաստանը և Ադրբեջանը չեն պատրաստվում հետ վերցնել իրենց ստորագրությունները նոյեմբերյան փաստաթղթից:
Հարցին` հնարավոր է արդյոք, որ գերիների հարցը որպես նախապայման դիտարկվի Հայաստանի` COP29-ի մասնակցությանը, Սիմոնյանը շեշտեց` Ադրբեջանը չէ այդ համաժողովի հրավիրող կողմը։ Ընդգծեց` այն ՄԱԿ–ի միջոցառում է, բայց միևնույնն է` պետք է հասկանալ՝ արդյոք Հայաստանի մասնակցությունը տեղին է, թե ոչ։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գտնվում է 23 հայ գերի` ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։