ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածներից 13-ը։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ ճեպազրույղցում։
Նրա խոսքով՝ իրական հնարավորություն կա հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր ստորագրելու։
«Կա 16 հոդված, որից 13-ը լիովին համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Վարչապետը խոսել էր 17 հոդվածների մասին, ամենայն հավանականությամբ նա նախաբանն էլ է նկատի ունեցել»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ իր ասուլիսում Փաշինյանը հայտնել էր, որ պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 13-ը համաձայնեցվել են։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հունիսին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը ստացել է Ադրբեջանից, իսկ Երևանը պատրաստել է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխան փաթեթ։ Միաժամանակ, Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղ պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։