ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի վերաօծման և մյուռոնօրհնեքի արարողությանը։ Այս մասին Սիմոնյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մյուռոնօրհնեքի արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 17։00-ին Սուրբ Տրդատի բաց խորանում։ Վերաօծման արարողությունն էլ լինելու է սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին։
«Ես ստացել եմ հրավեր, սակայն, ցավոք, երկրում չեմ լինելու, այլ պաշտոնական այցով լինելու եմ Կանադայում։ Եթե այստեղ գտնվեի` անպայման կմասնակցեի»,– նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն է մեկնելու Կանադա` Օտտավա։ Պատվիրակության կազմում են ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը։