ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում մահացած հայտնաբերված 38–ամյա տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։ Բժիշկների հերթապահ խումբը, ժամանելով նշված հասցեով, լոգարանում հայտնաբերել է տղամարդուն և արձանագրել նրա մահը։ Ոստիկաններն ու քննիչները տղամարդու դիակի մոտ ատրճանակ են հայտնաբերել։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լորիս Եղոյանն է` Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան։
Աբրահամյանը հայտնում է, որ նրա մարմինը հայտնաբերվել է Դողս գյուղում։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)Լ
«Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ ժամը 10։00-ի սահմաններում նշված հասցեի լոգարանում Լ. Ե․-ն իրեն ամրակցված «Բերետա» մոդելի ատրճանակով կատարել է ինքնասպանություն»,– գրել է ՔԿ մամուլի խոսնակը։
Նա նշել է, որ նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ըստ ԶԼՄ–ների` Եղոյանն ինքնասպան է եղել ԱՀ նախկին նախագահի կողմից որպես պարգևատրում ստացած ատրճանակով։ Նա եղել է «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլեկտորային ընկերության տնօրենը և Արցախի Քաշաթաշի շրջանում ՀԷԿ է ունեցել։