ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում հյուրատան լոգարանում ատրճանակով ինքնասպանություն գործած 38-ամյա տղամարդը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է։ Այս մասին գրում է Tert.am-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Կայքի տեղեկություններով՝ գործարար Լորիս Եղոյանն ինքնասպան է եղել իրեն պատկանող հյուրատանը՝ ԱՀ նախկին նախագահի կողմից որպես պարգևատրում ստացած «Բերետա» տիպի ատրճանակով։ Նա եղել է «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության տնօրենն ու Արցախի Քաշաթաշի շրջանում ՀԷԿ է ունեցել։
Եղոյանը և Ղարամյանի դուստրն արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծված են: Կայքը նաև գրում է, որ ինքնասպան եղած տղամարդն Արցախից չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։ Էջմիածնի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ժամանելով նշված հասցեով, լոգարանում հայտնաբերել է տղամարդուն և արձանագրել են նրա մահը։ Ոստիկաններն ու քննիչները տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե.-ն է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։