Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 38-ամյա գործարարի մարմինը

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Էջմիածնի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը ժամանելով նշված հասցեով՝ լոգարանում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել են նրա մահը։ Ոստիկաններն ու քննիչները տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են ատրճանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել։ Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե.-ն է:
Կայքի տեղեկություններով՝ վերջինս գործարար է եղել, իսկ ատրճանակը նա պարգև է ստացել Արցախի Հանրապետության նախկին նախագահներից մեկից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։