ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի շուրջ ստեղծված իրավիճակում ամենանողկալին ու տրագիկոմիկն այն է, որ Ֆրանսիայում այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սրա մեջ, իմ կարծիքով, զզվելին և տրագիկոմիկը ոչ միայն այն է, ինչ ձեռնարկվեց Դուրովի նկատմամբ, այլ այն, որ նրանք (Ֆրանսիայի իշխանությունները) չկարողացան դա բացատրել ո՛չ իրենց բնակչությանը, ո՛չ էլ համաշխարհային հանրությանը։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք կորցրել են բոլոր իրական գործող ժողովրդավարական մեխանիզմների հմտությունը. նրանք հետադարձ կապ չունեն իրենց բնակչության հետ, նրանք սովոր են տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործել մեկ տեսակետի քարոզչության մեջ», – ասել է նա։
Հիշեցնենք` Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալեցին Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում օգոստոսի 24-ին: Ֆրանսիայում Դուրովին կասկածում են 10 իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ։ Գործարարին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Օգոստոսի 28-ին Դուրովին ազատ արձակեցին 5 մլն եվրո գրավի դիմաց։ Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը, Դուրովը պարտավոր է շաբաթական երկու անգամ ոստիկանություն ներկայանալ։