ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի օդանավակայանների վարչությունը կարգադրել է փակել Հորդանանի հետ բոլոր սահմանային անցակետերը այսօր Հորդանանի հովտում գտնվող «Ալենբի» անցակետում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնում է իսրայելական «Kan» պետական ռադիոկայանը X սոցիալական ցանցում։
«Օդանավակայանների վարչությունը կարգադրել է դադարեցնել Հորդանանի հետ ցամաքային սահմանային անցումների աշխատանքը Էյլաթից մինչև Հորդանան գետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ամեն օր այդ սահմանային անցակետերով անցնում են հազարավոր իսրայելցիներ։
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ անհայտ անձը Հորդանանի կողմից բեռնատարով ժամանել է «Ալենբի» անցակետ և կրակ բացել սահմանային անցակետի աշխատակիցների ուղղությամբ: Հարձակման հետևանքով զոհվել է երեք իսրայելցի, հարձակվողը չեզոքացվել է իսրայելական անվտանգության ուժերի կողմից: Իսրայելի իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են անվանել։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս կապակցությամբ հայտարարել է, որ Իսրայելը շրջապատված է մահաբեր գաղափարախոսությամբ, որը ղեկավարվում է իրանական չարիքի առանցքի» կողմից: