ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Իրանական իշխանությունները ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար համահունչ պատասխան կտան Իսրայելին, բայց Թեհրանի միջոցներն այլ կերպ կլինեն, քան ապրիլի հարվածն էր։ Այս մասին հայտարարել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղը։
«Ապագա գործողությունների պատասխանը կտարբերվի պարամետրերով, իրականացմամբ և հզորությամբ։ Դրանք կորոշեն անվտանգության ուժերի և զինված ուժերի հրամանատարները համապատասխան ժամկետներում և վայրում»,– Ալ Սադեղի խոսքը մեջբերում է «Մեհր» գործակալությունը։
Նա պարզաբանել է, որ եթե 2024 թվականի ապրիլի 14–ին «Ճշմարիտ խոստում» առաջին օպերացիայի ժամանակ Իրանի հարվածներն ուժի ցուցադրում էին, ապա երկրորդ նման գործողությունը կդառնա ուժի կիրառում։
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։
Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում Հանիայի սպանությանը արձագանքել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի: