ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է սեպտեմբերի 11-ին այցելել Իրաք` պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։
Սա Փեզեշքիանի առաջին օտարերկրյա այցն է լինելու Իրանի նախագահի պաշտոնում։
Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ–է Սադեղն ասել էր, որ Իրանի նախագահն Իրաք կմեկնի երկրի վարչապետ Մոհամմեդ Շիա Ալ Սուդանիի հրավերով։
Նա նշել էր, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է երկու երկրների նախագահները ստորագրեին հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշքիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։