ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ցանկանում է տեղափոխվել եվրոպական ուժեղագույն լիգաներ, բայց չի ցանկանում գնալ զբոսաշրջիկի կարգավիճակով: Նա այդ մասին ասել է Metaratings.ru–ի՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք հրավեր ստացել է իսպանական «Սևիլյայից»։
«Իսկապես առաջարկներ եղել են արտասահմանյան ակումբներից, բայց այստեղ կա շատ կարևոր պահ` պետք է ոչ թե զբոսաշրջիկի կարգավիճակով գնաս թոփ 5 առաջնությունների թիմ, այլ կարողանաս այնտեղ մրցակցություն ստեղծել։ Ակումբներն առաջարկներ են արել, բայց դրանք ձեռնտու չէին «Լոկոմոտիվին»։ Եթե իսկապես հետաքրքրված լինեին ինձնով, միգուցե բարելավեին տեղափոխության պայմանները և կարողանային համաձայնության գալ ակումբի հետ», - ասել է Տիկնիզյանը։
Ֆուտբոլիստը նշել է, որ ինքն աշխատում է նախկինի պես՝ մտածելով Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» առաջիկա խաղերի մասին:
«Ապրումների և հիասթափությունների ժամանակ չունեմ, քանի որ առջևում Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» խաղերն են։ Ես պարզապես կշարունակեմ աշխատել և հավատալ լավագույնին», - ասել է նա:
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ծնվել է Ռուսաստանում, 2023 թվականի մարտին որոշեց հանդես գալ Հայաստանի հավաքականում։