Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն

Դպրոցականներ. արխիվային լուսանկար
«Ռուսական տան» մասնագետները մտադիր են ավելացնել ռուսաց լեզվի ուսուցման դասընթացների թիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերին Հայաստանի երկու քաղաքներում` Դիլիջանում և Իջևանում, ռուսաց լեզվի անվճար դասընթացի լրացուցիչ կրթության կենտրոններ կբացվեն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի «Ռուսական տուն» գիտության և մշակույթի ռուսական կենտրոնից։
Առաջին կենտրոնը բացվել է 2024 թվականի փետրվարին Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղում։ Անվճար դասընթացներին 85 աշակերտ է մասնակցել։
«Մտադիր ենք շարունակել այս պրակտիկան, քանի որ նման դասընթացների համար զգալի հետաքրքրություն ենք տեսնում և շատ հարցումներ ենք ստանում»,- ասացին «Ռուսական տանը»:
Ավելի վաղ ռուսաց լեզվի անվճար դասընթացներ են անցկացվել պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների, ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների, ոստիկանության և Աբովյան քաղաքի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի աշխատակիցների, հայաստանյան ԶԼՄ-ների լրագրողների և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների համար:
Բացի իրականացվող նախագծերից, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Գյումրու մասնաճյուղի բազայի վրա կկազմակերպվեն ռուսաց լեզվի դասընթացներ երեխաների և մեծահասակների համար՝ առկա և առցանց ձևաչափերով:
Աշնանը նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ ռուսական բուհերի ցուցահանդես, ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների և դասախոսների միջազգային համաժողով՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի 225-ամյակին, ինչպես նաև Սյունիքի մարզի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ ռուս անվանի գիտնականների ներգրավմամբ:
«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ՞. ինչ է փոխել ԿԳՄՍՆ–ն ուսումնական պլանում