ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի պաշտոնական այցին Հայաստան։ Այս մասին ՀՀ վարչապետը գրել է իր ուղերձում` Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
«Մեծ սիրով առաջիկայում սպասում եմ Ձեր պաշտոնական այցին Հայաստան, ինչը գերազանց առիթ կլինի Հայաստանի և Ֆրանսիայի վերընթաց զարգացող համագործակցության ընդլայնման ու նոր ծրագրերի նախանշման շուրջ քննարկումների համար»,– գրել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել՝ ի նպաստ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա ամուր բարեկամության խորացման։
«Բարձր եմ գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունը։ Մեծ գնահատանքով ենք հիշում մեր երկրի համար դժվարին ժամանակներում Հայաստան կատարած Ձեր այցն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը»,– ասել է նա։
ՀՀ վարչապետը կարևորել է նաև Ֆրանսիայի հետևողական ջանքերը տարածաշրջանում անվտանգության, արդար ու տևական խաղաղության հաստատման գործում: