ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանն ի սկզբանե չի միացել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների ստորագրած հռչակագրին, որը ստորագրվել է «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե Հայաստանը միացել է հռչակագրին, իսկ ավելի ուշ «հետ կանչել» իր ստորագրությունը։
Հռչակագրը ստորագրել են Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Իտալիան, Ճապոնիան, Մոլդովան, Իսպանիան, Շվեյցարիան, Սան Մարինոն և մի շարք այլ երկրներ: Հայաստանն այդ ցանկում չկա:
Նշենք, որ հռչակագրով նախարարները նախ ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը՝ դա համարելով միջազգային իրավունքի և միջազգային արդարադատության համար կարևոր առաջընթաց:
Մյուս կետով նրանք վերահաստատել են Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլինի «արդարություն իրականացնել՝ պատասխանատվության ենթարկելով ամենամեծ պատասխանատուին»: