Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում (C լիգա, չորրորդ խումբ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։
Սա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն էր Ազգերի լիգայում։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ 9-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ Ռոբերտս Ուլդրիկիսը։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում նշված է, որ գրանցվել է ինքնագոլ Հայաստանի հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի կողմից։
35-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Լատվիայի հավաքականի պաշտպան Կասպարս Դուբրան։
48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երրորդ գոլը խփեց սաուդյան «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, իսկ արդեն խաղի ավարտին՝ 86-րդ րոպեին «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 4-րդ գնդակն ուղարկեց լատվիացիների դարպասը։
Հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի Սկոպյեում սեպտեմբերի 10-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ: