Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել

Բանաձեւում 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը որակվել է որպես ցեղասպանական գործողություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունել է բանաձև, որտեղ 2022-2023 թթ.–ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես ցեղասպանական գործողություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։
Բանաձեւում 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվել է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու էին էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
«2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն»,– նշված է բանաձեւում:
Բանաձևում նշվում է նաև, որ խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, իսկ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։
Նշենք, որ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars)՝ ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ եւ ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետներ։
Հիշեցնենք, որ ամիսներ տևած շրջափակումից և դրան հաջորդած Ադրբեջանի ագրեսիայից հետո 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 101 հազար քաղաքացի։ Նրանցից մոտ 30 հազարը երեխաներ են։