ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիե ԱԷԿ-ի հովացման աշտարակի վրա հարձակումը և Կուրսկի ԱԷԿ-ում տագնապալի իրավիճակը ակնհայտ են դարձնում, որ այդ օբյեկտներում միջուկային անվտանգության ապահովման հարցում ուշադրությունը պետք չէ թուլացնել։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
«Հիմա դժվար ժամանակներ են, և պարոն Լիխաչովի (Ռոսատոմի ղեկավարի՝ խմբ․) հիշատակած իրադարձությունները, մասնավորապես՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման աշտարակի հրկիզումը և Կուրսկի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը հստակ հասկացնում են, որ մենք չպետք է թուլացնենք մեր ուշադրությունը այս ատոմային օբյեկտներում միջուկային անվտանգության ապահովման հարցի նկատմամբ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության հետ՝ կապված Զապորոժիեի ԱԷԿ-ի և Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ Կիևի ռեժիմի սադրանքների հետ։
Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է․ կայանն ունի վեց էներգաբլոկ՝ մեկակական գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ-ին։ Կայանի բոլոր էներգաբլոկները ներկայումս գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։