ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ, գեներալ–մայոր Արամ Հովհաննիսյանի որդին` Հրաչյա Հովհաննիսյանը, պատասխանել է իր և հոր վերաբերյալ հնչող մեղադրանքներին և ընդգծել` Երևանում շինություն է կառուցել բանկից վերցրած վարկով։ Նա պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին։
Երեկ Hetq.am-ը գրել էր, որ Արտաշատ համայնքի ՔՊ–ական ղեկավարի խորհրդական Հրաչյա Հովհաննիսյանը սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ Նա կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի հատվածը ձեռք է բերել 2015 թվականին, իսկ 2016 թվականին շինթույլտվություն է ստացել և հողամասի վրա երկհարկանի շենք կառուցել։ Դրանից հետո էլ նախկին կայանատեղիի մյուս մասն ու հողամասեր է զավթել, որտեղ նույնպես շենք է կառուցել, բայց դրա շինթույլտվությունը ստացել է 2021 և 2022 թթ.–ին։
ՀՀ ոստիկանապետի որդին թերթի հետ զրույցում ասել է, որ այդ տարածքը համայնքային սեփականություն է եղել, ոչ թե ոստիկանությանն է պատկանել, ինքն էլ մասնակցել է աճուրդի ու ձեռք բերել այն։
Ինչ վերաբերում է հարցին, որ 2015 թվականին, երբ 21 տարեկան է եղել, որտեղից է այդքան գումար ունեցել, Հովհաննիսյանը պատասխանել է, որ վաղ տարիքից զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, նաև գյուղատնտեսությամբ և գումար է վաստակել։
«Այդ ժամանակ պետական որևէ պաշտոն չեմ զբաղեցրել։ Ինչ վերաբերում է շենքը կառուցելուն, ապա շինությունը կառուցել եմ բանկից ստացված վարկի միջոցով։ Մինչ օրս էլ վճարումներ եմ կատարում, մարում եմ վարկը։ Նախկին կայանատեղիի հարակից տարածքն էլ աղբանոց է եղել, ինքս ձեռնարկել եմ և մաքրել տարածքը աղբից, դրանից հետո դիմել եմ քաղաքապետարան և օրինականացրել այն»,– ասել է Հրաչյա Հովհաննիսյանը։
Նա նաև շեշտել է, որ հրապարակված հոդվածով թիրախավորել են ոչ թե իրեն, այլ հորը։
«Հոդվածում ավելի շատ շոշափվում է հորս, քան իմ անունը։ Պարզից էլ պարզ է, որ նրա մասնագիտական գործունեությանն էր առնչվում»,– նշել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ձեռքբերման ժամանակ Հրաչյա Հովհաննիսյանի հայրը եղել է Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի պետ։