Telegram-ի նկատմամբ պահանջի դեպքում պետք է դատարան գնալ, ոչ թե հետապնդել ղեկավարին. Դուրով

Պավել Դուրով
Դուրովը նշել է, որ գաղտնիության և անվտանգության ապահովման միջև հավասարակշռության պահպանումը հեշտ գործ չէ, և Telegram-ը պատրաստ է լքել այն երկրները, որտեղ չի կարող ընդհանուր լեզու գտնել ինտերնետային տարածքը կարգավորողների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եթե որևէ երկիր պահանջներ ունի այնպիսի հարթակների նկատմամբ, ինչպիսին է Telegram-ը, ապա պետք է դատի տա բուն ծառայությանը, ոչ թե հետապնդի դրա ղեկավարին, հայտարարել Է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։
«Սմարթֆոնների գոյությունից առաջ ընդունված օրենքներն օգտագործել առցանց ծառայության գլխավոր տնօրենին հետապնդելու նպատակով այն հանցագործությունների համար, որոնք երրորդ անձինք կատարել են նրա կառավարած հարթակում, սխալ մոտեցում է»,-ասված Է Դուրովի Telegram–յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նա նշել է, որ օգտատերերի թվի կտրուկ աճը (մինչեւ 950 մլն) դյուրացրել է հանցագործների համար մեսենջերի օգտագործումը, և դրա դեմ պայքարն անվանել է անձնական նպատակ:
«Օգտատերերի թվի ավելացումն առաջացրել է աճի հիվանդություններ, որոնք թույլ են տվել հանցագործներին չարաշահել մեր հարթակը։ Այդ իսկ պատճառով ես նպատակ եմ դրել զգալիորեն բարելավել իրավիճակը։ Մենք արդեն սկսել ենք այդ գործընթացը ընկերության ներսում, և ես շատ շուտով կներկայացնեմ մեր առաջընթացի մանրամասները», - գրել է Դուրովը։
Նրան զարմացրել են ֆրանսիական իշխանությունների` իրեն ուղղված հարցերը` հաշվի առնելով այն միջոցները, որոնք ծառայությունը ձեռնարկել է հարթակում սպառնալիքների դեմ պայքարելու համար:
«Անցյալ ամիս Փարիզ ժամանելուց հետո չորս օր շարունակ ինձ հարցաքննեցին ոստիկանությունում։ Ինձ ասացին, որ ես կարող եմ անձամբ պատասխան տալ այլ մարդկանց կողմից Telegram-ի ապօրինի օգտագործման համար: Դա զարմանալի է մի քանի պատճառով», - գրել է Դուրովը Telegram-ի իր ալիքում ։
Մեսենջերի հիմնադիրը պարզաբանել է, որ Telegram-ը ԵՄ-ում ներկայացուցիչ ունի, որն ընդունում է Եվրամիությունում Telegram-ի օգտագործմանը վերաբերող հայտերը։ Նա հավելել է, որ ներկայացուցիչն ունի Էլեկտրոնային հասցե, որը կարելի է գտնել համացանցում։
Դուրովն ընդգծել է, որ Ֆրանսիայի իշխանությունները իր հետ կապ հաստատելու բազմաթիվ եղանակներ են ունեցել օգնություն խնդրելու համար:
Բացի այդ, նա բացարձակապես սխալ է անվանել այն պնդումները, որ Telegram-ը «անարխիկ դրախտ» է, և հայտարարել է, որ մեսենջերի վարչակազմն ամեն օր միլիոնավոր վտանգավոր հրապարակումներ և Telegram–յան ալիքներ է հեռացնում:
«Գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ հավասարակշռություն հաստատելը հեշտ չէ։ Երբեմն մենք չենք կարող համաձայնության գալ այս կամ այն երկրի կարգավորիչի հետ գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ հավասարակշռության վերաբերյալ։ Նման դեպքերում մենք պատրաստ ենք լքել այդ երկիրը», - գրել է Դուրովը։
Նա ընդգծել է, որ մեսենջերը հավատարիմ է օգտատերերին պաշտպանելու իր առաքելությանը, միաժամանակ միշտ բաց է իշխանությունների հետ երկխոսության համար: Դուրովը նաև հայտնել է, որ Telegram-ը հետևողականորեն հրաժարվել է տրամադրել գաղտնագրման բանալիները, ինչի համար արգելափակվել է Ռուսաստանում և Իրանում: Նրա խոսքով՝ Telegram - ի առաքելությունն է բարություն տարածել և պաշտպանել մարդկանց հիմնարար իրավունքները, հատկապես այնտեղ, որտեղ խախտվում են այդ իրավունքները:
Հիշեցնենք` Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալեցին Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում օգոստոսի 24-ին: Ֆրանսիայում Դուրովին կասկածում են 10 իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ։ Գործարարին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Օգոստոսի 28-ին Դուրովին ազատ արձակեցին 5 մլն եվրո գրավի դիմաց։ Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը, Դուրովը պարտավոր է շաբաթական երկու անգամ ոստիկանություն ներկայանալ։
Ֆրանսիան Դուրովին ձերբակալել էր ԱՄՆ-ի հրահանգով. ԿՀՎ նախկին վերլուծաբան