Ինքնագլորները քաոտիկ պտտվում են մայթերին. ի՞նչ տուգանքներ են սպասվում խախտումների համար

Ինքնագլոր
Տուգանքից չեն խուսափի նաև ինքնագլորները վարձակալությամբ տրամադրող ընկերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբեր – Sputnik. Ինքնագլորներն անընդհատ քաոտիկ պտտվում են մայթերին ու մայթերից դուրս, և դրանց վերահսկողությունը ծավալուն խնդիր է ոստիկանության համար։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ինքնագլորների շուրջ ծավալված քննարկման ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ ԱԺ–ում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Մեկ տարուց ավել է` ինքնագլորները մտել են մեր կյանք։ Պետք էր դրանք վարելու թույլատրելի վայրերի ցանկը ավելի շուտ ունենալ։ Լավ կլիներ` վիճակագրություն էլ մեզ ներկայացնեիք` այս չկարգարվորված լինելու հետևանքով ինչքան դժբախտ պատահարներ են եղել, մարմնական վնասվածքներ ինչքան են եղել»,– դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին` ասաց Քոչարյանը։
Փոխնախարարը նշեց, որ ցանկը դեռ չունեն, այն պետք է մշակի Երևանի քաղաքապետարանը և ներկայացնի ավագանու որոշմանը։ Միևնույն ժամանակ նա ներկայացրեց, թե ինչ վարչական տույժեր են սպասվում ինքնագլոր վարելու կարգը խախտելու դեպքում։
Այսպես` 5–ից մինչև 29 հազար դրամ տուգանք է սպառնում նրանց, ովքեր կխախտեն ինքնագլորներ վարելու կարգը։ Մասնավորապես ինքնագլոր վարելու կարգում մտցվում է պահանջ, որ 18 տարեկանից բարձր անձինք այն պետք է վարեն սաղավարտով և հատուկ թույլատրված վայրերում։ Արգելվում է ինքնագլոր վարել մայրուղիներում, թունելներում, եղանակային վատ պայմաններում։
Սաղավարտով չվարելու պարագայում սպասվում է նվազագույն աշխատավարձի 7–ապատիկի չափով տուգանք։
Տուգանքից չեն խուսափի նաև դրանք վարձակալությամբ տրամադրող ընկերությունները։ Եթե սարքավորումը ճիշտ կահավորված չլինեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 29– ապատիկի չափով։
«Հստակ նշված են, թե ինչ պահանջների պետք է դա համապատասխանի։ Սարքավորումը նաև պետք է ունենա արագության չափման սարք։ Մենք հաշվի ենք առել, որ տվյալ խոշոր կազմակերպությունների համար ժամանակ է անհրաժեշտ սարքավորումներով հագեցնելը, հետևաբար տվյալ հոդվածի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է ավելի երկար ժամանակահատված` մինչև 2025 թվականի սեպտեմբեր»,– ասաց փոխնախարարը։
ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը միջամտեց քննարկմանը։ Նա նշեց, որ պետք է արգելվի ինքնագլորների օգտագործումը երթևեկության բանուկ հատվածներում և կայանելը ցանկացած վայրում։
«Եվրոպայում ո՞նց է։ Դու չես կարող ինքնագլորը երթևեկության բանուկ հատվածում անջատել, այսինքն` ծրագիրը մնում է միացված, և փող է գանձվում օգտվողից։ Եվ նա մինչև չի կայանում այն վայրում, որտեղ թույլատրվում է, շարունակվում է գումար գանձվել։ Ընկերությունը փող գանձելու միջոցով ստիպում է, որ ինքնագլոր վարող անձը կայանի այնտեղ, որտեղ չի խանգարում այլ անձանց»,– նշեց Սարգսյանը։
Սակայն ՔՊ–ական մեկ այլ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը վստահ է, որ խնդիրը տուգանքներով և արգելքներով չի լուծվի։
«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ թռչող մեքենաներն ու օդով գնացող գնացքները ոչ թե Ժյուլ Վեռնի ֆանտաստիկայից են, այլ իրականություն, իսկ ինքնագլորը ամենացածր, ստից բանն է այս տեխնոլոգիաների, որոնք այսօր մեր կյանքի անբաժան մասն են»,–ընդգծեց նա։
Լավագույն լուծումը, ըստ Պողոսյանի, այն է, որ հատկացվի ճանապարհ, հատուկ գիծ ինքնագլորների և հեծանիվների համար։
Ավտոբուսների առանձնացված գծերը երթևեկելի կդառնան նաև ինքնագլորների և հեծանիվների համար
Օրինագիծը կքննարկվի լիագումար նիստում։