ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի սեպտեմբերի 9-ից շրջանառության մեջ է դնում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը` նվիրված Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԲ–ի մամուլի ծառայությունը։
Հուշադրամի դիմերեսին Գևորգյան հոգևոր ճեմարանի պատկերանիշն է, ճեմարանի ուխտերգից հատված՝ «ՄԵԾ ՏԵՍԻԼՔԻ ՄԵՆՔ ԶԱՎԱԿՆԵՐ», Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին և խաչքարի վարդյակ:
Դարձերեսին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի դիմապատկերը, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը: Նշվում է, որ հուշադրամի էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյան (դիմերես) և Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում, 500 օրինակով: Անվանական արժեքը 1000 դրամ է։
Նշենք, որ Գևորգյան հոգևոր ճեմարանը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Սուրբ Էջմիածնում՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ Սբ Գևորգ Զորավարի տոնին և կոչվել է «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»:
Այստեղ են դասավանդել ժամանակի լավագույն մանկավարժները՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Ստեփան Լիսիցյան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Հովհաննես Հովհաննիսյան, Հակոբ Մանանդյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյան, Երվանդ Տեր-Մինասյան և այլք:
Ճեմարանի նշանավոր շրջանավարտներից են Կոմիտաս վարդապետը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը և ուրիշներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2005 թ. ճեմարանին տրվել է բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր։ Այսօր ճեմարանը միակ աստվածաբանական համալսարանն է Հայաստանում։ Ճեմարանին առընթեր գործում են Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը և քահանայից պատրաստման լսարանը: