ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Երեկ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ Հայաստանը կմասնակցի հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ կազմակերպության գագաթնաժողովին, սակայն չէր ասել, թե ով կներկայացնի Հայաստանը։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները:
Գագաթնաժողովին մասնակցելու են նաև կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք երկրների առաջնորդներ: Մասնավորապես հաստատվել է Թուրքիայի նախագահի մասնակցությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գագաթնաժողովին է հրավիրել նաև իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանին։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ 2024-ի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։