44-օրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյան
Հանձնաժողովի նախագահը նշել է` ըստ եզրակացության` պարզ է դառնում, որ պատերազմում պարտության պատճառները բազմաբնույթ են և բազմաշերտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա շեշտել է, որ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքը։
Քոչարյանի խոսքով` հոկտեմբերին նամակով պատրաստվում է խորհրդարանի նախագահին դիմել դռնփակ նիստ հրավիրելու համար։ Հենց այդ ժամանակ էլ կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ միայն այդ ելույթի հատվածներին, բայց ոչ ամբողջական զեկույցին. փաստաթղթում գաղտնի տեղեկություններ կան։
Քոչարյանը նշել է` պատերազմի պատճառների մասին լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ պարտության պատճառները բազմաբնույթ են ու բազմաշերտ։
Անդրանիկ Քոչարյանը զբաղված էր պատերազմում պարտությունը ԶՈւ-ի վրա փաթաթելու գործով. Տոնոյան