Ոստիկանություն նռնակով ներխուժելու գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ. «Ժողովուրդ»

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին
Գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործով անցնող 3 մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ: Այս մասին գրում է«Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթին հայտնի է դարձել, որ օրերս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ մեղադրյալների կալանքը երկարաձգելու համար, ինչն էլ դատարանը բավարարել է։ Ավելին՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։
Հավելենք, որ գործն ավարտական փուլում է, ու առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի, այն կուղարկվի դատարան։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին` ժամը 17։00-ի սահմաններում, 3 տղամարդիկ փորձել են ներխուժել ոստիկանության Նոր Նորքի բաժին, նրանք նռնակ են գործադրել, ինչի հետևանքով ներխուժողներից 2–ը վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել բուժհաստատություն։ Երկուսը ձերբակալվել են, մեկի ձերբակալումը հնարավոր չի եղել առողջական վիճակի պատճառով: Մարտի 25-ին ոստիկանությունից հայտնեցին, որ նրանք առնչություն ունեն «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության հետ։ Ըստ ԶԼՄ–ների` տղամարդկանցից մեկը «Սասնա ծռերից» Ստեփան Հովակիմյանն է, երկրորդը Արթուր Մովսիսյանը, որը պատերազմի մասնակից է, նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Երրորդը Վարդգես Գևորգյանն է, որը ևս մասնակցել է արցախյան պատերազմին։ Ձերբակալվել են Ստեփան Հովակիմյանն ու Վարդգես Գևորգյանը։