ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի խորհրդարանը, այնուամենայնիվ, պաշտոնանկ արեց ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբային։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Երեկ Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել էր, որ Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն խորհրդարանն այդ հարցը չէր քննարկել։ Որոշ տվյալներով` Կուլեբան հրաժարականից հետո կարող է դեսպան նշանակվել Բրյուսելում։
ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը նախարարի հրաժարականի մասին հարցին ի պատասխան ասել է. «Կուլեբան սայլից իջավ, բայց սայլն ամեն դեպքում կփլուզվի» (պաշտոնյան օգտագործել է ռուսերենում հայտնի իդիոմատիկ արտահայտությունը)։
Նշենք, որ Դմիտրի Կուլեբան Ուկրաինայի ԱԳ նախարար է նշանակվել 2020 թվականի մարտի 4-ին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել էր իր գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրմային։ Հրաժարական էին ներկայացրել Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան և փոխվարչապետ, վերաինտեգրման նախարար Իրինա Վերեշչուկը։ Հրաժարականի դիմումներ են ներկայացրել ևս երեք նախարար` ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, բնապահպանության նախարար Ռուսլան Ստրելեցը և պետգույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալը։
Ուկրաինայի խորհրդարանը երեկ հաստատեց նրանց պաշտոնանկությունը։