Պուտինը հայտարարել է, որ Բաքվում Դուրովի հետ չի հանդիպել

ՌԴ նախագահն առաջին անգամ մեկնաբանել է Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օգոստոսին Բաքու կատարած այցի ժամանակ չի հանդիպել Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովի հետ։ Ելույթ ունենալով Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովում` Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Բաքվից Փարիզ ժամանելու պահին ֆրանսիացի իրավապահների կողմից ձերբակալված միլիարդատիրոջ շուրջ ստեղծված իրավիճակը։ Մամուլում լուրեր են պտտվում, որ հնարավոր է` Պուտինն ու գործարարը հանդիպում են ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքում։
ՌԴ նախագահն ասել է, որ վերջին անգամ Դուրովի հետ հանդիպել է մի քանի տարի առաջ Կրեմլում, և Telegram–ի հիմնադիրը պատմել է իր նախագծերի և ծրագրերի մասին։
«Չեմ հասկանում` ինչու պիտի հանդիպեինք Բաքվում։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա այնտեղ է, պատկերացում անգամ չունեի այդ մասին։ Եթե կա ցանկություն, այստեղ բիզնեսի ներկայացուցիչները շատ են, բոլորը գիտեն` ես երբեք չեմ հրաժարվում հանդիպումներից, մենք պարբերաբար հանդիպում ենք և՛ գործարարների միության շրջանակում, և՛ անհատական կարգով` քննարկելու համար այս կամ այն նախագծերը։ Այնպես որ, եթե նա որևէ ցանկություն ունենար, կարող էր ինձ հետ Մոսկվայում հանդիպել», – հավելել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով` մի շարք երկրներ բողոքել են Telegram–ից` հաշվի առնելով, որ հարթակը օգտագործվում է նաև ինչ–որ մարդկանց և կառույցների կողմից, որոնք իրենց գործունեությամբ կարող են վնաս հասցնել այդ կամ այլ պետությունների տնտեսությանը կամ անվտանգության ոլորտին։
«Հավանաբար ՌԴ կառավարությունը ևս որոշ հարցեր կարող էր ունենալ, բայց չէ՞ որ նման բան կա այդպիսի բոլոր հարթակների դեպքում։ Եվ եթե Դուրովի հետ այդպես են վարվում, նշանակում է` պետք է երևի մյուսներն էլ փակվեն, կալանավորեն կամ տնային կալանքի ու այլ պատժի ենթարկվեն»,– ասել է Պուտինը։
«Ֆրանսիայի իշխանությունների գործողություններն ինձ համար այդքան էլ հասկանալի չեն, քանի որ ընտրովի բնույթ են կրում», – հավելել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք` Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալեցին Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում օգոստոսի 24-ին: Ֆրանսիայում Դուրովին կասկածում են 10 իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ։ Գործարարին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Օգոստոսի 28-ին Դուրովին ազատ արձակեցին 5 մլն եվրո գրավի դիմաց։ Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը, Դուրովը պարտավոր է շաբաթական երկու անգամ ոստիկանություն ներկայանալ։
Ֆրանսիան Դուրովին ձերբակալել էր ԱՄՆ-ի հրահանգով. ԿՀՎ նախկին վերլուծաբան