ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ԱՄՆ իշխանությունների մեղադրանքները RT-ի հասցեին` Միացյալ Նահանգների ընտրություններին իբր միջամտելու մասին, հայտարարելով, որ բոլոր արևմտյան ԶԼՄ-ները «պարանոյայի նոպայի մեջ են»:
ԱՄՆ-ում պնդում են, որ սոցցանցերում «գաղտնի հանրություն» են բացահայտել. միլիոնից ավելի հետևորդ ունեցող ամերիկացի բլոգերները, իբր, RT-ից գումար են ստացել ռուսամետ տեսանյութեր հրապարակելու համար: Ինչպես գրում է Guardian-ը` բլոգերներն ասում են, որ այդ մասին ոչինչ չգիտեն։
Նրանց տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են հավաքել։
Ամերիկացի մի քանի հայտնի բլոգերներ և հանրային կարծիքի առաջնորդներ իրենց անվանել են ենթադրյալ ռուսական ապատեղեկատվության զոհ:
Թիմ Փուլը, Դեյվ Ռուբինը և Բենի Ջոնսոնը սեպտեմբերի 4-ի երեկոյան հայտարարություններ են հրապարակել` ի պատասխան բովանդակություն ստեղծող ամերիկյան ընկերության հետ համագործակցության մեղադրանքների այն մասին, որ իբր ռուսական պետական լրատվամիջոցներից գրեթե 10 միլիոն դոլար են ստացել տեսանյութեր հրապարակելու համար, այդ թվում` Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ:
«Բոլոր արևմտյան ԶԼՄ-ները պարանոյայի նոպայի մեջ են։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ RT-ն վարձել է ԱՄՆ-ում բազմամիլիոնանոց լսարան ունեցող ամենամեծ պահպանողական բլոգերներից մեկին` ընտրություններին միջամտելու և ռուսական խոսույթներ տարածելու համար: Այդ պատճառով ինձ և իմ հինգ գործընկերների նկատմամբ նաև պատժամիջոցներ են սահմանել»,-գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում։
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի, ՌԻԱ Նովոստիի, RT-ի, Sputnik-ի, Ruptly-ի դեմ: Նոր պատժամիջոցներն անդրադարձել են «Ռոսիա սեգոդնյա» և RT մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և այդ հեռուստաալիքի մի շարք թոփ-մենեջերների: Դրանից հետո ԱՄՆ նախկին հետախույզ Սքոթ Ռիտերը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցնում է համագործակցությունը RT-ի և Sputnik-ի հետ, նա շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին վերջին մի քանի տարվա ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար: