ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինուժերի հարձակումը նպատակ ուներ խուճապ առաջացնել և ցնցել իրավիճակը Ռուսաստանի ներսում, սակայն հակառակորդի նպատակը ձախողվեց։ Այս մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա շատ վտանգավոր ահաբեկչություններ է որակել Կուրսկի և Զապորոժիեի ԱԷԿ–ներին հարող տարածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները։ Ըստ նրա` միայն պատկերացնել կարելի է` ինչ կլինի Եվրոպայում, եթե Ռուսաստանը հայելային պատասխան տա այդ գնդակոծություններին։
ՌԴ նախագահը նշել է, որ ուկրաինական զինված ուժերի գործողությունները միայն համախմբել են ՌԴ հասարակությանը, և Կուրսկի մարզում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՊՆ–ի հետ պայմանագիր ստորագրելու ցանկություն հայտնածների թիվը միայն ավելացել է։
Կիևի մեկ այլ խնդիրը` Դոնբասում Ռուսաստանի գրոհի կասեցումն էր։
«Հակառակորդի նպատակը ստիպելն էր մեզ նյարդայնանալ, խուճապի մատնվել, մի տարածքից մյուսը զորքերը տեղափոխել և կանգնեցնել մեր գրոհը առանցքային ուղղություններում, նախևառաջ Դոնբասում, որի ազատագրումը մեր առաջնահերթ նպատակն է» , – հավելել է նա։
Պուտինի խոսքով` ՌԴ ԶՈւ–ն կայունացրեց իրավիճակն ու սկսեց հակառակորդին դուրս մղել սահմանամերձ տարածքներից։
Կիևի հետ բանակցային գործընթացի հեռանկարների մասին խոսելիս` Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան երբեք դրանից չի հրաժարվել, սակայն պատրաստ է բանակցությունների գնալ ոչ թե Ուկրաինայի անիրական պահանջների, այլ 2022 թվականի մարտին կնքած Ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա։ Այն ժամանակ Արևմուտքն ու Կիևը հրաժարվեցին համաձայնագրից` նպատակ ունենալով հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտության, սակայն նրանց դա չի հաջողվում։