Կառավարությունը հաստատեց. «Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղադրվի Մերգելյան այգում

«Լեռնեցիների պարը»
Հուշարձանը տեղափոխվելու է «Դվին» հյուրանոցի մոտից, քանի որ վերակառուցման արդյունքում այն հայտնվել է մարդկանց տեսադաշտից դուրս, քողարկված մի հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «Լեռնեցիների պարը» արձանախումբը «Դվին» հյուրանոցային համալիրի տարածքից կտեղափոխվի Մերգելյան այգի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման նախագծի` «Դվինի» ճարտարապետական նորարարական լուծումներն այլևս համահունչ չեն արձանախմբի հետ, ու հյուրանոցի վերակառուցման արդյունքում քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած, հանրության տեսադաշտից դուրս գտնվող, քողարկված հատվածում:
«Հուշարձանի պահպանության համար այն տեղափոխվելու է ավելի բարենպաստ վայր` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 2/3 հասցե` Մերգելյան ինստիտուտին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածք»,– ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն է նախագիծը մշակել, իսկ տեղափոխման գաղափարի հեղինակը արձանի քանդակագործ Տիգրան Արզումանյանինը, որն էլ դիմել է քաղաքային իշխանությանը։
Երևանի Ամիրյան փողոցը կվերանվանվի ի պատիվ Փաշինյանի սիրելի թագավորի