ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին այսօր արգելել են մեկնել երկրից: Նա չի անցել «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգումը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Բագրատ Եսայանը։
«Դատական ոլորտում այս իշխանության ստեղծած «բարդակի» պատճառով ինձ չթողեցին դուրս գալ երկրից։Արդեն մեկ տարի է` խափանման միջոցը պետք է հանված լիներ։ Այսօր ես պատրաստվում էի 4 օրով մեկնել երկրից, բայց չթողեցին»,– ասաց նա։
Բանն այն է, որ 2021 թ.–ին նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել , խափանման միջոց էր ընտրվել` ստորագրություն երկրից չբացակայելու մասին։ 2023 թ.–ին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանչել է նրան, բայց գործը կարճվել է ու խափանման միջոցը հանվել։ Բագրատ Եսայանը դիմել է Վերաքննիչ դատարան, պահանջելով արդարացնել իրեն։ Վերաքննիչ դատարանը որոշել է խափանման միջոցին չանդրադառնալ, քանի որ առաջին ատյանի դատարանը արդեն կայացրել էր որոշում։
«Խափաննման միջոցը պետք է արդեն վերացված լիներ ու դրա մասին պետք է տեղյակ լիներ ոստիկանությունը։ Բայց ոչ ոք դա չի արել»,– հավելեց Եսայանը։
ՀՅԴ–ականն այստեղ միտում է տեսնում։ Ըստ նրա` իշխանությունները փորձում են այս կերպ սահմանափակել դաշնակցականների ազատությունն ու տեղաշարժի իրավունքը։
«Այստեղ ես և՛ անտերություն եմ տեսնում, և՛ միտում»,– ասաց նա։
Բագրատ Եսայանը տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, հասկանալու համար, թե ով չի կատարել իր գործը և ինչու մինչև այսօր իր խափանման միջոցը չի վերացվել։
Հիշեցնենք` 2022 p. հունիսի 10-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել էին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության շենք և ձերբակալել տնօրեն Բագրատ Եսայանին։
Բագրատ Եսայանը ձերբակալվել էր դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում. Եսայանն իբր մի խումբ անձանց հետ մոտեցել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակին, և նրանց գործողությունները իբր զանգվածային անկարգություններ են եղել։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225–րդ հոդվածի երկրորդ մասով (զանգվածային անկարգությունների հրահրում) և 164–րդ հոդվածի առաջին մասով (լրագրողի օրինական գործունեության խոչընդոտում)։