ՀՀ–ում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք է գրանցվել. նախարար

Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարը վստահեցնում է` ամեն ինչ անում են հիվանդացության տեմպերը նվազեցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում այս պահի դրությամբ Արևմտյան Նեղոս» տենդի 108 հիվանդացության դեպք է գրանցվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք բոլոր մարզերով իրականացնում ենք հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ։ Այս պահին գտնում ենք, որ նվազման տեմպը բավարար չէ։ Առաջիկա 1 ամսում աշխատանքները դեռ ակտիվ կիրականացվեն, որպեսզի սեզոնին համընթաց ապահովվի այդ նվազումը։ Ընդհանուր առմամբ իրավիճակը մտահոգիչ է, բայց կարող եմ ասել, որ հենց առաջին օրվանից և՛ թեստավորման, և՛ բուժման պրոտոկոլները ներդրվել ու ադապտացվել են»,– նշեց Ավանեսյանը։
Նա շեշտեց` մոծակներ ամենաշատը Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում կան, բայց մյուս մարզերն ու նաև Երևանը բացառել պետք չէ։
Առողջապահության նախարարը հիշեցրեց հիվանդության ախտանշանները` բարձր ջերմություն, տենդ, բայց հավելեց` դրանք հիվանդների 20 տոկոսի մոտ են նկատվում։
Հիշեցնենք` Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ 85% դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։
Երկարաթև հագուստ, միջատավանիչ միջոցներ. ի՞նչ անել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար