ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական Միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշում։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ–ն։
«Այսօր 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նախաձեռնության ներկայացուցիչներին ընդունել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:
Հիշեցնենք` հունիսի 21–ին ՀՀ Ազգային ժողովում լսումներ անցկացվեցին ԵՄ–ին անդամակցելու հայտի վերաբերյալ հանրաքվեի հարցով։ Լսումները նախաձեռնել էին արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացված Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում հայտարարեց՝ ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, իսկ թե ԵՄ–ն որքանով է պատրաստ դրան, այդ հարցի պատասխանն ինքը չունի։