ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը կրկին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունիսի 22-ին հայտարարեց, որ Բաքվին առաջարկվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծել։