Երևանի Ամիրյան փողոցը կվերանվանվի ի պատիվ Փաշինյանի սիրելի թագավորի

Երևանի Ամիրյան փողոցը. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետարանը որոշել է անվանափոխել քաղաքի տարբեր վարչական շրջանների երեք փողոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սիրելի պատմական կերպարի` Պապ թագավորի։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում։
Այս տարվա ապրիլին ավագանու ընդդիմադիր խմբակցությունն առաջարկեց Ամիրյան փողոցն անվանակոչել Արցախյան առաջին պատերազմի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) պատվին։ Սակայն այժմ առաջարկվում է նրա պատվին վերանվանել Լենինգրադյան փողոցը։
Քաղաքապետարանը մտադիր է լեգենդար զինվորական Քրիստափոր Իվանյանի պատվին անվանակոչել նաև Դավթաշեն վարչական շրջանում երկրորդ թաղամասն ամբողջությամբ ընդգրկող անանուն փողոցը։
Բոլոր հարցերն ընդգրկված են սեպտեմբերի 10-ի ավագանու նիստի օրակարգում։